«Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան` Գաբրիել Ջամբարջիին
Դեկտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան հանձնեց տեր եւ տիկին Գաբրիել Ջամբարջիներին` բարձր գնահատելով ազգային կյանքում նրանց մատուցած ծառայությունները:
Շքանշանի հանձնման արարողությանը բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Այնուհետեւ տիարք Շահեն Կարամանուկյանը եւ Լեւոն Սարգսյանն անդրադարձան մեծարյալների ազգօգուտ եւ եկեղեցաշեն գործունեությանը, նրանց առաքինի եւ բարերար ոգուն: Նրանք հանգամանորեն ներկայացրեցին Գաբրիել Ջամբարջիի ունեցած մեծ ներդրումը հայ-սիրիական կապերի հաստատման գործում, նրա հոգատար վերաբերմունքն ազգային կրթական եւ գիտական հաստատությունների նկատմամբ եւ որդիական զորակցությունը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու առաքելությանը` շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին` Ջամբարջի ամուսիններին բարձր գնահատանքի արժանացնելու համար:
Ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո ներս բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգեւոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
Հայրապետական կոնդակում ի մասնավորի ասվում է. «...Ճանաչում ենք Ձեզ եւ Ձեր ոգին հայրենանվիրումի ու ազգասիրության եւ քաջատեղյակ ենք մեր ժողովրդի նվիրյալ զավակիդ եռանդուն եւ նախանձախնդիր գործունեությանը: Երկնառաք շնորհներով ու հաջողություններով բարեզարդ է աստվածօրհնյալ Ձեր կյանքը, որ դարձրել եք նվիրում հավատավոր մեր ժողովրդին եւ Հայրենի երկրին: Պատասխանատու հանձնառություններով եւ ազնիվ ջանադրությամբ Դուք տարիներ շարունակ գովարժան նպաստ եք բերում Սիրիայի հայ համայնքի բարօրությանը, ինչպես եւ ազգային կյանքի առաջընթացին` արժանիորեն վայելելով հայորդյաց սերն ու հարգանքը: Ազգանվեր սպասավորության Ձեր նվիրյալ եւ հավատավոր ընթացքը զարդարյալ է նաեւ Հայրենիքի հանդեպ սիրով իրագործված հայրենանպաստ ձեռնարկներով, կարեւոր ներդրումով Հայաստանի կրթական հաստատությունների առաքելության արդյունավորմանն ի խնդիր: Բացառիկ է Ձեր աջակցությունը հատկապես Մայր Հայրենիքի դպրոցներին: Հինգ հարյուրից ավելի դպրոցներ Ձեր նվիրաբերության շնորհիվ օժտվել են անհրաժեշտ բնագիտական լիակազմ լաբորատորիաներով, որոնք հնարավորություն են ընձեռում մանկավարժներին առավել արդյունավոր իրականացնել իրենց շնորհակալ գործունեությունը:
Կարեւորելով նոր սերնդի քրիստոնեական դաստիարակությունը` Դուք գովելի աջակցություն եք բերում մեր Մայր Եկեղեցու հովանու ներքո գործող Հայորդյաց Տների առաքելությանը` օգտակար լինելով այս հաստատություններում հազարավոր մանուկների ու պատանիների կրթության նվիրական գործին: Դուք սրտաբուխ նվիրատվություն կատարեցիք նաեւ Էջմիածնի Ներսիսյան անտառում Մայր Աթոռի նախաձեռնությամբ հիմնված մանկական խաղահրապարակի նոր հատվածի շինության համար, ուր Ձեր ազնիվ նյութական աջակցությամբ հաստատվելու են նաեւ խաղահրապարակի սարքավորումները` մեր սիրասուն մանուկների ժամանցն ու հանգիստը բարվոք կազմակերպելու համար»:
Կոնդակի ընթերցումից հետո Նորին Սրբությունը մեծարյալների կուրծքը զարդարեց Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն` «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով:
Շքանշանի հանձնումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհակալական խոսքով դիմեց պրն. Ջամբարջին` վստահեցնելով, որ պիտի շարունակի իր ծառայությունը ազգին եւ Եկեղեցուն:
Արարողությունը փակվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքով: «Ուրախ ենք, որ մեր ազգի զավակների մեջ արթուն է բարեգործության ոգին, որ նրանք, ուր էլ որ ապրելիս լինեն, իրենց հայացքն ուղղված է դեպի Մայր Հայրենիքը, նաեւ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` նվիրական մեր սրբօրանը, որ կրում են իրենց հոգուց ներս: ...Այս շքանշանը մի նոր առիթ պիտի լինի` ավելիով իրենց օգտաշատ ծառայությունը բերելու մեր Հայրենիքին, ազգային մեր կյանքին եւ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն», - ասաց Ամենայն Հայոց Հայրապետը` վերստին իր գնահատանքը հայտնելով նվիրյալ հայորդիներին:
Արարողությունը փակվեց Վեհափառ Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով: